Ալիեվը զանգահարել է Էրդողանին

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վերջինս ցավակցություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով մեծ թվով մարդկանց մահվան կապակցությամբ։

Նա մաղթել է հանգստություն այս սարսափելի ողբերգության հետևանքով զոհվածների հոգիներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ալիևը նաև նշել է, որ հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահին ողբերգության կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և ցավակցությունների համար՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ մոտ են եղել միմյանց և ապագայում էլ կլինեն այդպիսին։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ։

Հիշեցնենք՝ «Գրանդ Քարթալ» հյուրանոցում հրդեհը տեղի էր ունեցել հունվարի 21-ի գիշերը։ Այն բռնկվել էր հյուրանոցի չորրորդ հարկի ռեստորանում և արագ տարածվել շենքով փայտե երեսպատման պատճառով։

Վերջին տվյալներով՝ Քարթալկայա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 76 մարդ, տուժել՝ 51 հոգի։ Մեկ զբոսաշրջիկի վիճակը գնահատվում է ծանր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սուգ է հայտարարել:

You may also like...