ՊՎԾ-ն 2024-ին դիտարկել է 13 հազար 680 գնման ընթացակարգ. բացահայտվել են մի շարք խախտումներ
Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։
«Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի №142-Լ հրամանով հաստատված՝ գնումների գործընթացներում ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ։ Համեմատության համար նշենք՝ մինչև գնումների ռիսկերի գնահատման գործիքակազմի ներդնումը, 2022 թվականին ամբողջ տարվա ընթացքում դիտարկվել է ընդամենը 3100 գնման ընթացակարգ, իսկ 2023 թվականին այդ թիվը կազմել է 3788, որոնցից 2990-ը դիտարկվել են միայն օգոստոսից հետո՝ ռիսկայնության չափորոշիչների ներդնման արդյունքում։ Տվյալների վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ծառայությունում նոր գործիքակազմերի ներդնումը զգալիորեն բարձրացրել է գնումների գործընթացների վերահսկողության արդյունավետությունը։
Ծառայության կողմից դիտարկված 13.680 գնման ընթացակարգերից ռիսկերի գնահատման առաջնային կարգին են դասվել 4104 ընթացակարգ կամ հրապարակված բոլոր ընթացակարգերի շուրջ 30%-ը, որոնց նկատմամբ Ծառայությունն իրականացրել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու նպատակով առավել ռիսկային խմբին են դասվել 412 ընթացակարգ (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի շուրջ 10%-ը)։
Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել գնումների պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին, պետական հիմնարկներին և որոշ ՏԻՄ-երի։
Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին:
Հաշվետու ժամանակաշրջանում հայտարարված գնումների ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերում արձանագրվել է 191 խտրականության դեպք, իսկ 110 դեպքով բացահայտվել են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող (այսպես ասած՝ սև ցուցակում ներառված) և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության փաստեր, ևս 73 դեպքով արձանագրվել են գնումների գործընթացների օրենսդրական այլ կարգավորումների պահանջների խախտումներ:
Իրականացված վերահսկողության արդյունքում` 68 դեպքով Ծառայության կողմից պատվիրատուներին առաջարկվել է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել գնումների գործընթացներն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Միաժամանակ, մասնագիտացված վարչության կողմից Ծառայություն մուտքագրված 58 հանրագրերի ու ռիսկերի գնահատման նպատակով իրականացված վերլուծությունների արդյունքում նախաձեռնվել է 28 մշտադիտարկում և կազմվել 12 վերլուծական տեղեկանք:
2024 թվականի ընթացքում պատվիրատուների կողմից կազմակերպված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում ի հայտ են եկել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսպես ասած՝ սև ցուցակում) ներառված անձանց հետ փոխկապակցված 27 գնման մասնակիցներ, որոնցից 24-ը պատվիրատուների պատճառաբանված որոշումների հիման վրա արդեն իսկ ներառվել են գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող անձանց ցուցակում:
2024 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում` արդեն իսկ կնքված 121 գնման պայմանագրերում (ավելի քան 2,264 մլրդ ՀՀ դրամ ընդանուր արժեքով) արձանագրվել են խախտումներ` պայմանավորված գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ: Ծառայության կողմից պատվիրատուներին տրամադրված տեղեկատվության հիման վրա վերոնշյալ պայմանագրերից 79-ի դեպքում (շուրջ 2,1 մլրդ ՀՀ դրամ արժեքով) լուծվել են ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման պայմանագրերը: Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականի ընթացքում ՊՎԾ կողմից հանրային գնումների ոլորտում արձանագրված առերևույթ խախտումները կազմել են ավելի քան 3,124 մլրդ ՀՀ դրամ:
Ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին, իսկ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Միաժամանակ, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պետական բյուջե և պետական հիմնարկների հաշիվներին է վերականգնվել շուրջ 50մլն ՀՀ դրամ՝ որպես գնումների գործընթացների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների հետևանքների վերացում և պատվիրատուների կողմից չհաշվարկված տույժեր ու տուգանքներ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
