Հայտնի ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ իր սոցցանցային ակտիվությանը, նա նշեց.

«Երկրի բոլոր ինստիտուտները մշտապես աշխատում են: Մենք հասկանում ենք՝ տարածաշրջանում և նրանից դուրս կան ուժեր, որ խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, գեներացնել, դրա կարևորագույն հատվածը, կոպիտ ասած, կներեք առտնին բառապաշարի համար․․․ ամեն ինչ սկսվում է լեզվակռվից, շատ դեպքերում փորձ են անում հայտնի ուժերը մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար մենք հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ ռազմավարությունը հետևյալն է՝ թույլ չտալ էսկալացիա, արձագանքել ամեն ինչին այնպես, որ բացառվի էսկալացիան, պատերազմը կամ առնվազն դրա արդարացվածությունը կամ դրա համար հող նախապատրաստելը։

«Այն, որ 2024-ին մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը, կապված է նաև այս ռազմավարության հետ, կարևոր է՝ մեր քաղաքացիները սա հասկանան:

Մենք ոչ թե ինչ-որ բաների համարժեք չենք պատասխանում, որովհետև պարապ ենք մնացել, այլ որովհետև հասկանում ենք այդ խոսույթի մեջ սադրանքի առկայությունը, իսկ դրա մեծագույն խնդիրներից մեկը մեզ մեր ռազմավարությունից դուրս և իրենց ռազմավարության մեջ դնելն է»,- ասաց նա։

You may also like...