Ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների առնչությամբ դեսպան Մուստաֆաեվը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ԱԳՆ կանչված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին:
Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ:
Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման:
Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքը երկրի իշխանությունների բերանով՝ որպես ոչ պաշտոնական, բայց իրենց իսկ խոսքով՝ «հավաստի տեղեկատվություն», կիսասպառնալից հոդված էր հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության իշխանություններին:
Խոսքը դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված AZAL-ին պատկանող բրազիլական արտադրության Embraer 190 ինքնաթիռի աղետալի դեպքի մասին է: Ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ էր զոհվել:
«Կալիբեր»-ը գրել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման քրեական գործով Ռուսաստանում անցկացվող հետաքննությունը հաստատել է՝ ինքնաթիռը խոցվել է Pantsir S-1 հակաօդային պաշտպանության համակարգով։ Այս համակարգը Ռուսաստան է առաքվել Սիրիայից։
Նաև, ինչպես հայտնել է լրատվամիջոցը, ռուսական հետաքննությունը հաստատել է ադրբեջանական ինքնաթիռի դեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերի կիրառումը, ինչի հետևանքով օդանավի կառավարման համակարգը խափանվել է
Լրատվամիջոցը սպառնացել է րապարակել մանրամասներ, ադրբեջանական ԶԼՄ-ն նաև վիրավորանքներ է հնչեցրել ՌԴ իշխանությունների հասցեին, տեղացել մեղադրանքներ, ծաղրելով նշել, թե Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վարքագիծը «անազնիվ է, մանր և ուղղակի ամոթալի»:
