Ալիեվը դարձել է «Ավտոկրատների ակումբի» չեմպիոն. DW-ն ներկայացրել է Լուկաշենկոյի «բացառիկ» շնորհավորանքները

Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին «X»-ի իր միկրոբլոգում Ալիևի վերաբերյալ գրառում է կատարել՝ մեջբերելով DW-ի հwդվածը և նշելով, որ Իլհամ Ալիևը դարձել է «Ավտոկրատների ակումբի» չեմպիոն:

Բանն այն է, որ գերմանական հեղինակավոր Deutsche Welle (DW) մեդիա կորպորացիան հոդված է հրապարակել Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, որը, ըստ հրապարակման, 7-րդ անգամ իրեն Բելառուսի նախագահ է հռչակել՝ խարդախ և անհեթեթ կերպով հավաքելով  86,8% քվե։

«Պուտին, Ռահմոն, Ալիև. ո՞ր ավտոկրատներն են արդեն շնորհավորել Լուկաշենկոյին» վերնագրված հոդվածում DW-ն ընդգծում է այն զարմանալի բարձր տոկոսները, որոնցով այդ ինքնակալները (որոնք հաճախ են շնորհավորում միմյանց) նախագահ են «ընտրվել»:

Առաջինը Լուկաշենկոյին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 2022 թվականի նախագահական ընտրություններում նա ինքն է հավաքել 81,31 տոկոսը։

Հետևել է նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորանքը։ 2023 թվականի վերջին ընտրություններում նրա արդյունքն ավելի լավն էր, քան Լուկաշենկոյինը` 87,05%:

«Վերջին նախագահական ընտրություններում գրանցած բարձր արդյունքի կապակցությամբ»,- Լուկաշենկոյին շնորհավորել է նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ 2020 թվականի ընտրություններում նրա արդյունքը բացառիկորեն կազմել է 90,92 տոկոս։

Լուկաշենկոյին «վստահ հաղթանակի կապակցությամբ» շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա արդյունքը գերազանցել է բոլոր սանդղակները. 2024 թվականի ընտրություններում Ադրբեջանի ղեկավարի արդյունքը կազմել է ձայների 92,12 տոկոսը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից էր, ով շնորհավորեց Լուկաշենկոյին՝ արդյունքն անվանելով «համոզիչ հաղթանակ»։ Պուտինը 2024 թվականի ընտրություններում հավաքել է ձայների 87,28 տոկոսը՝ կես տոկոսային կետով ավելի, քան Լուկաշենկոն։

Քարիմլին նշել է, որ այս հոդվածը ներկայացնում է մի շարք օգտակար պատկերացումներ:

«Բայց ինձ համար հատկապես երկու բան է առանձնանում.

1. Համաշխարհային «ավտոկրատների ակումբը» փոքրանում է, և ավելի քիչ անդամներ են մնացել այս «բացառիկ» ցուցակում:

2. Նույնիսկ ավտոկրատների մեջ Իլհամ Ալիևն առանձնանում է որպես իր համար ամենաբարձր տոկոս ապահովողը։

Համատեքստի համար հարկ է նշել, որ Լուկաշենկոյի՝ 7-րդ անգամ նախագահ ինքնահռչակվելը չի ճանաչվել ոչ Եվրամիության, ոչ էլ ժողովրդավարական երկրների կողմից»,- գրել է Քարիմլին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

You may also like...