ՀՀ վարչապետը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է.
«Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։
Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ նիստը կնպաստի հետագա տնտեսական զարգացմանը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը և մեր երկրների տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմների ամրապնդմանը։
Անկեղծորեն համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել՝ նոր հնարավորություններ ստեղծելով կյանքի որակի բարելավման և մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման համար։
Կարևոր եմ համարում ընդգծել, որ ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդները բախվում են նոր գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների, անհրաժեշտ է օգտագործել մեզ հասանելի բոլոր միջոցներն ու ռեսուրսները՝ համագործակցությունն ամրապնդելու, ընդունված որոշումները համակարգելու և արդյունավետ իրագործելու նպատակով։
Ուզում եմ նաև հույս հայտնել, որ այս հանդիպման արդյունքում՝ փոխադարձ շահերը լիակատար հարգելով և հաշվի առնելով, մենք կկարողանանք Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացման ճանապարհին կատարել ևս մեկ վստահ քայլ առաջ։
Սրտանց մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:
ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար և մանրամասներ ներկայացրել նիստի ընթացքի վերաբերյալ: ՀՀ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախագահ, արդեն կարելի է ասել` ավանդաբար մենք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի աշնանային նստաշրջանն անցկացնում ենք Երևանում: Երեկ անցկացրինք նեղ կազմով նիստը, և պետք է ասեմ, կարծում եմ՝ գործընկերներն էլ կհամաձայնվեն, որ բավական արդյունավետ նիստ էր: Ընդունեցինք մի շարք կարևոր որոշումներ, որոնք կնպաստեն ԵԱՏՄ հետագա զարգացմանը:
Ընդհանրապես աշնանային նիստը Միջկառավարական խորհրդի ամփոփիչ նիստն է: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են, քանի որ Հայաստանի Հանրապետության համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է: Սա իսկապես տպավորիչ փաստ է: Ստացվում է՝ կյանքի է կոչվում այն բանաձևը, երբ ասում ենք, որ դժվար ժամանակները, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մարտահրավերներ են բերում, այլև նոր հնարավորություններ, և մենք պետք է շարունակենք սերտ աշխատանքը, որպեսզի օգտագործենք այդ հնարավորությունները: Ուրախ եմ, որ առաջ ենք շարժվում հենց այս ուղղությամբ:
Այսօր մեզ է միացել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովը: Նա կմասնակցի ընդլայնված կազմով նիստին: Ուզբեկստանը դիտորդ երկիր է Եվրասիական տնտեսական միությունում, ինչը շատ ուրախալի է: Հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր ևս կունենանք լավ, արդյունավետ և արգասաբեր նիստ»:
