ԵԽԽՎ-ն վավերացրեց վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով․ ինչպես քվեարկեցին հայ պատգամավորները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով հրավիրված բանավեճից հետո Վեհաժողովը որոշեց պայմանով վավերացնել ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության լիազորությունները և այդ հարցը կրկին քննարկել 2025-ի ապրիլին կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վեհաժողովում վիճարկվեցին վրացական պատվիրակության լիազորությունները և հարցն ուղարկվեց Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանը։ Իր ելույթում վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ցուլուկիանին հայտարարեց․
«Արդյունքում Մոնիտորինգի հանձնաժողովը մերժել է մեր պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելու առաջարկը, և ես մեր երախտագիտությունը կհայտնեմ դրա համար։ Սակայն վավերացմանը ուղեկցող մի շարք պայմաններ մեզ համար խնդրահարույց են՝ հատկապես առաջին պահանջը, որը վերաբերում է առաջիկա ամիսներին նոր ընտրությունների մասին հայտարարելուն։
Ես և իմ ղեկավարած պատվիրակությունն այս օրերին հանդիպեցինք ձեզանից շատերի հետ։ Ուստի կոչ եմ անում չգնալ այս արտառոց պայմաններին, չսատարել բանաձևի նախագծին և վավերացնել մեր հավատարմագրերը բնականոն աշխատանքը շարունակելու և ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողների հետ արդեն իսկ առկա լավ համագործակցության պայմանով»։
Խնդրահարույցը նոր ընտրությունների անցկացման հետ կապված փոփոխությունն էր, որով առաջարկվում էր ընդունել վրացական պատվիրակության լիազորություններին վերաբերող զեկույցը։ ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության անդամ Գիվի Միկանաձեն այս առիթով հայտարարեց․
«Իհարկե, մենք դեմ ենք այս փոփոխությանը, քանի որ ընտրությունները կայացել են։ 23000-ից ավել միջազգային և տեղական դիտորդներ են եղել, և ոչ մի կեղծիք չի արդարացվել, քանի որ կեղծիք չի եղել և ապացույցներ չեն եղել, հետևաբար նոր ընտրություններ պահանջելը հիմքեր չունի»։
Այնուամենայնիվ, այս առաջարկը ընդունվեց և այդ կետը ներառվեց զեկույցում։ Վրացական պատվիրակության անդամները շարունակեցին պնդել, որ վրացական պատվիրակության լիազորությունները պետք է վավերացվեն առանց որևէ պայմանի։ Վեհաժողովը մերժեց վրացական պատվիրակության անդամների առաջ քաշած փոփոխության նախագիծը։
Ի վերջո, բանաձևն ընդունվեց ձայների 114 «կողմ», 13 «դեմ», 7 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Այսինքն՝ Վեհաժողովի կողմից վրացական պատվիրակության լիազորությունները հաստատվեցին ՝ պայմանով։ ԵԽԽՎ կայքում տեղադրված քվեարկության արդյունքներով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Արմեն Գևորգյանը և Վլադիմիր Վարդանյանը «դեմ» են քվեարկել բանաձևին։
Այս որոշումից հետո ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Թեա Ցուլուկիանին հայտարարեց, որ իշխող «Վրացական երազանքը» դադարեցնում է աշխատանքը Վեհաժողովում։
