6-12 ամսականների եվ 1-2 տարեկանների համար մսուր-մանկապարտեզներ կբացվեն. ԿԳՄՍՆ-ն մեկնարկում է փորձնական ծրագիր
Նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ոլորտում լուրջ հաջողություններ ունենք:
500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական հաստատություններում սովորողների թիվը:
Լուրերի փոխանցմամբ, այս մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Սակայն, ըստ նախարարի, խնդրահարույց է մնում մսուրի ծառայությունը. դրա ընդլայնման կարիք կա: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով կփոփոխվի նախադպրոցական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը:
«Նախատեսում ենք, որ 10 խմբի շրջանակում, այսինքն՝ շուրջ 200 երեխաների համար, սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է մի շարք համայնքներում: Համայնքները և հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և Երևանի քաղաքապատերանի հետ քննարկման արդյունքում:
Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների 1 խմբի կրթության ծրագիրը. Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական, իսկ Հրազդանում՝ 1-ական հաստատություններ, որտեղ արդեն, 1 տարեկանից սկսած, երեխաները մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն»,- ասաց նա:
Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 175 մլն դրամ: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում մսուր-մանկապարտեզները 2 տարեկանից են, բայց կան նաև նախադեպեր, որ 6 ամսականից են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հատկապես որոշման նախագծի տնտեսական բաղադրիչը:
«Երիտասարդ մայրիկների համար հնարավորություն է ստեղծվում, որ կա՛մ վերադառնան հնարավրինս շուտ աշխատանքի շուկա, կա՛մ դրսևորվելու հնարավորություն ունենան»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ կարևորելով որոշումը պատշաճ ձևով կոմունիկացնելու հարցը:
