Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները:

Ինչպես հայտնել են նախարարությունից, կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև 2024 թ․ նոյեմբերին Հայաստանում կայացած «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովին, որի շրջանակում արքայազն Աբդուլ Ազիզն այցելել էր Հայաստան և հանդիպել երկրի ղեկավարության հետ՝ փոխադարձ համագործակցության ոլորտները բացահայտելու նպատակով:

mlsa.jpg (725 KB)

Արքայազն Աբդուլազիզը նախարարին հայտնել է, որ իր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով Կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի ֆինանսական աջակցության որոշման մասին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը և հզորացումը՝ առաջ մղելու գենդերային հավասարությունը և ներառական զարգացումը:

Նախաձեռնության շրջանակում գյուղաբնակ կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ թիրախային խմբերի համար իրականացվելու են կրթական, կարողությունների զարգացման, դեպի աշխատաշուկա ուղղորդման և այլ ծրագրեր։

You may also like...