Ամենասարսափելին գիտե՞ք որն է. Աթանեսյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին (տեսանյութ)
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը կարող է ցնցել հանրությանը, երիտասարդ քաղաքական գործիչներին, փորձագետներին, վերլուծաբաններին եւ լրագրողներին:
Բայց ամենասարսափելին գիտե՞ք որն է:
Որ այդ «փոխանակումը համաձայնեցնելուց» մեկ-մեկուկես ամիս անց Երեւանում հոկտեմբերի 27 է եղել, դեկտեմբերին Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ-ն լուծարվել է, իսկ 2000 թ. մարտի 22-ին՝ տեղի ունեցել Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը: (Սա կատարվածի արձանագրում է, ոչ թե՝ իրավական գնահատական. ամեն դեպքում նրա ծառայողական ավտոմեքենան գնդակոծվել է, վարորդը, թիկնապահը եւ ինքը՝ ստացել հրազենային վիրավորում)»,- գրել է Աթանեսյանը:
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
