ԶՈւ-ում մարդու իրավունքների արժեվորման, պատշաճ երաշխավորման գաղափարը ձեվախեղող վարքագիծը պետք է բացառվի. ՄԻՊ
Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։
Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։
Ավելին, պետք է նկատի ունենալ, որ զինծառայողների անձնուրացությունը, հոգատար ծառայությունն արժանի են բարձր գնահատանքի:
Միաժամանակ, Պաշտպանն անթույլատրելի է համարում կնոջ նկատմամբ բռնությունը և բռնության քարոզ պարունակող ցանկացած նյութի պատրաստումն ու տարածումը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումը, դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություներից են։
Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից:
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր Պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորել է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից:
