Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզի ընդունում. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ արձագանք կա մինչ այս պահը ՀԱՊԿ-ից, որին մեր երկիրը դիմել էր ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո:

Վարչապետը հաստատել է ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը եւ հայտնել, որ ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան եւ տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այժմ նախաձեռնվում է ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու այդ զեկույցը:

Անդրադառնալով նիստից ակնկալիքներին՝ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը հստակ գնահատական կտա տեղի ունեցածին եւ կընդունի ճանապարհային քարտեզ՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Նրա գնահատմամբ՝ սա ոչ միայն ՀՀ կառավարության, այլեւ հայ հանրության ակնկալիքն է:

You may also like...