Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարությունը
Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 10-ին կշարունակվի Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։
ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր, որ դատավարության ընթացքում գործի նյութերն աղավաղված են թարգմանվել, ինչի վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով փոխել թարգմանչին։
Նախորդ դատական նիստը կայացել էր փետրվարի 6-ին:
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։
Մյուս մեղադրյալների գործով ևս մեկ նիստ կայացել էր հունվարի 21-ին։ Հունվարի 27-ին ևս կայացել էին թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստեր։
