2026-ին կմեկնարկի եվրոպական ստանդարտով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը. կայացել է հայտերի բացման նիստը
Փետրվարի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։

Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։
Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ ներկայացված հայտերի բովանդակությունը համապատասխանում է Առաջարկի հարցմամբ և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված պահանջներին, և հայտերը ենթակա են գնահատման։


Նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագրի շրջանակում հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն էր։ Նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին որակավորման փուլը հաղթահարած երեք թեկնածուներից հայտ են ներկայացրել երկու միջազգային հեղինակավոր ընկերություն՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. և ֆրանիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումները:

Գնահատումը կտևի մարտի 30-ը ներառյալ, իսկ մարտի 31–ին կհայտարարվի հաղթող հայտատուի անունը, ինչից հետո պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, կստորագրվի, և կմեկնարկեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները՝ նոր սերվերային տնտեսություն, ծրագրային լուծումներ, տպագրական նոր սարքավորումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։

2026 թվականին արդեն կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչը նաև նշանակալի քայլ է վիզաների ազատականացման համատեքստում։
