ԶՊՄԿ-ն հաջողվեց վերադառնալ բնականոն հուն. տնօրեն
«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ուղերձ է հղել կոլեկտիվին՝ շնորհակալություն հայտնելով արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։
Վերահաստատում ենք այս օրերին Ընկերության կողմից կայացրած որոշումների և կատարված հայտարարություններով ստանձնած պարտավորությունների անվերապահ պահպանումը և կատարումը։
Բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս օրերին ջանքեր գործադրեցին ծագած խնդիրներին կառուցողական լուծումներ տալու ուղղությամբ, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։
Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։
Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել codeofconduct@zcmc.am էլ․ փոստի հասցեով կամ +37495364587 հեռախոսահամարով։
Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության (hղումը` https://www.zcmc.am/about/governance/):
Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»,- ասված է Ռոման Խուդոլիի ուղերձում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին՝ ԶՊՄԿ բողոքի ակցիայի 11-րդ օրը, սկսված գործադուլը դադարեցվել է:
Հիշեցնենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները:
Ընկերության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։
Նշենք՝ արդեն գրեթե 10 օր կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին անում, իսկ փետրվարի 5-ին աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններ էին ընթացել, որոնք ավարտվել էին անարդյունք։
