Վերականգնվել է շուրջ 420 մլն դրամի վնաս. ամփոփվել են Արմավիրի դատախազության 2024 թվականի աշխատանքները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
«Վահան Սարգսյանը ներկայացրել է Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին: Մարզի դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1307 քրեական վարույթ (2023 թվականին՝ 435 քրեական վարույթ): «Այսինքն, Արմավիրի մարզի դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 872-ով կամ 200%-ով ավել քրեական վարույթ է հանձնվել դատարան»,- նշել է մարզի դատախազը:
2024 թվականին Արմավիրի մարզի դատարաններում քննվել և ավարտվել է 946 քրեական գործ (2023 թվականին՝ 320 քրեական գործ): Մարզի դատախազի խոսքով՝ նման դրական արդյունքի հնարավոր է եղել հասնել դատական նիստերի ճիշտ պլանավորման արդյունքում և դրան նպաստել է Գլխավոր դատախազի 2023 թվականի մարտի 3-ի՝ դատական նիստերից դատախազների անհարգելի բացակայությունները բացառելու վերաբերյալ հանձնարարականի պահպանումը:
2024 թվականի ընթացքում դատարաններում ավարտված 946 քրեական գործերից 943-ով՝ 994 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ:
2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 քաղաքացիական և 2 վարչական հայց, որոնք քննության փուլում են:
Վահան Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված բոլոր քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 420 միլիոն դրամի վնաս:
Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
