Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է. ԱԳՆ խոսնակ

Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդեսում առկա է քարտեզ, որտեղ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը նշված չէ:

Ըստ տեղեկությունների, քարտեզը տեղադրված է Կոլիզեի երկրորդ մակարդակում՝ Göbeklitepe. L’enigma di un luogo sacro (Göbeklitepe. Սուրբ վայրի առեղծվածը) խորագրով ցուցահանդեսային համալիրի անմիջապես մուտքի մոտ:

Կոլիզեյի հնագիտական պարկի կայքէջում նշված է, որ ցուցահանդեսը կազմակերպված է Կոլիզեի հնագիտական պարկի և Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Հռոմում Թուրքիայի դեսպանատան համագործակցությամբ:

Այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։ Նա հայտնել է, որ ցուցահանդեսի մասին տեղեկանալուն պես Հռոմում ՀՀ դեսպանության միջոցով խնդիրը ներկայացվել է Իտալիայի պատկան մարմինների և համապատասխանաբար կազմակերպիչների ուշադրությանը, և ստացվել է հարցը կարգավորելու դրական արձագանք:

«Այս պահին Հայաստանն արտացոլված է քարտեզում»,- նշել է Բադալյանը։

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 2-ը:

օօ.png (348 KB)

You may also like...