Հերթական դատական ֆարսի ժամանակ ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել

Բաքվում շարունակվում է ապօրինի պատանդառված ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։

Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (պահուստային դատավոր Գյունել Սամեդովա) ներկայությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել են թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ։

Դատական նիստին մասնակցել են տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները՝ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետության անունից, իբր,  տուժող։

Դատական հերթական այս ֆարսի ժամանակ ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել։

Նրանց, հիշեցնենք, մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

You may also like...