Բացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք: Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել 19 պարեկի, որոնցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով:
17 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատախազի կողմից հասատվել և ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
