Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը ընթանում է լարված մթնոլորտում
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում:
Պաշտպաններից Լուսինե Սահակյանի դժգոհությունից հետո, թե դատավորը պետք է կարգ սահմանի, հերթական միջադեպը գրանցվեց:
Նախ նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը Սահակյանին ասաց, որ թույլ չի տալիս վերջինիս դիրքորոշում հայտնել, ապա հավելեց. «Նստեք ու մարմնաշարժումներով դիրքորոշում չհայտնեք»:
Ապա, դատավորը դիմեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Ռոբե՛րտ Քոչարյան, ոտքի՛ կանգնեք, էդ ի՞նչ ձեռնաշարժումներ էիք անում, ո՞ւմ էիք հասկացնում: Ոտքի՛ կանգնեք, դատարանը Ձեզ նկատողություն է հայտարարում, ոչ պատշաճ վարքագիծ եք Դուք դատական նիստերի դահլիճում դրսևորում, նստեք»:
Քոչարյանն էլ ասաց, որ ադեկվատության խնդիր է տեսնում այստեղ:
«Ո՞ւմ կողմից: Վերացական արտահայտություններ եք հնչեցնո՞ւմ»,- հարցրեց դատավորը:
Քոչարյանն էլ արձագանքեց. «Այո, տեսական ադեկվատության խնդիր եմ տեսնում: Չշարժվե՛ք, չշնչե՛ք, չծիծաղե՛ք, չժպտա՛ք, էլ ի՞նչ չանենք: Ես առաջարկում եմ հաջորդ նիստին մենք բոլորս դիմակներով գանք` սառած, եթե դա է ցանկությունը: Ես այստեղ լուրջ կոմպլեքսների խնդիր եմ տեսնում»,- ասաց երկորրդ նախագահը:
