Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել ուղիղ չվերթերը
Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել երկրների միջև օդային հաղորդակցությունը։
Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են համատեղ քայլերի մասին՝ ապահովելու դիվանագիտական առաքելությունների գործունեությունը և դիվանագետների աշխատանքի անարգել ֆինանսավորումը։
«Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում՝ Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրում, բանակցություններ էին ընթացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ:
Բանակցությունները տևել էին ավելի քան 6 ժամ և ավարտվել առանց մամուլի համար մեկնաբանությունների։
