Այսօր լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 17 տարին
Լրացավ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 17-րդ տարին:
Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ 2008 թ. նախագահական ընտրություններն ուղղորդվել էին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կատարվող լցոնումներով, բռնություններով, հազարավոր կեղծ անձնագրերով և գոյություն չունեցող ընտրողների ձայնը յուրացնելով, ինչն էլ ապահովեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:
Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրության արդյունքները չճանաչելու մասին։ Ընտրությունների հաջորդ օրը նա հանրահավաք հրավիրեց Մատենադարանին հարող տարածքում։ ԿԸՀ-ի հայտարարությունից հետո օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվել քվեները։
17 տարի առաջ այս օրը՝ լուսադեմին, ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացավ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան:
Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։
Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին, ՀՀ ոստիկանությունը և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ՝ գրոհել էին ժողովրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացել էին փախչել։
Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Վկաներից մեկը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ հրապարակում իրենց երկու կողմից մոտեցել են սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով զինված ոստիկանության հատուկ ջոկատներ։ Վերջիններս, ըստ ականատեսների, առանց նախազգուշացման սկսել էին ցանել ջուր ու իրենց ռետինե մահակներով ու էլեկտրական հարված հասցնող սարքերով հարձակվել ցուցարարների վրա։
Ժամը 11։30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև՝ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ Ցուցարարներից Հրազդան քաղաքի բնակիչ Սարո Վահանի Կոստանյանը, շրջանառվող լուրերի համաձայն, ոստիկանների դաժան ծեծից կորցրել է աչքի տեսողությունը։ 1։30-ին մոտ տարածք բերվեց ոստիկանության զրահապատված անվասայլակը, որի շուրջ հավաքվեց ահագնացող ժողովուրդը։
Ժամը 2-ին մոտ հրապարակում հավաքված բազմությունը շուրջ 150.000-ով գերազանցում էր նախորդ օրերին հավաքված բազմությանը։ Ոստիկանության հատուկ ծառայողների թիվը գերազանցել էր 3000-ը։
