Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել շտկել Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը վերջին հանդիպման հետևանքները և համաձայնել է աշխատել ԱՄՆ առաջնորդի «ուժեղ ղեկավարության ներքո:
Զելենսկին ասել է, որ հույս ունի ապագայում կառուցողական համագործակցություն ունենալ Միացյալ Նահանգների հետ, քանի որ պատրաստ է արագ աշխատել ռազմական գործողությունը դադարեցնելու համար։
«Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- վստահեցրել է Զելենսկին՝ հաստատելով ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու իր մտադրությունը ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։
Զելենսկին նաև ընդգծել է՝ իսկապես գնահատում են այն ամենը, ինչ արել է Ամերիկան՝ օգնելու Ուկրաինային՝ պահպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։
«Հիշում ենք այն պահը, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային Javelin համակարգեր տրամադրեց, և ամեն ինչ փոխվեց: Շնորհակալ ենք դրա համար»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մանրամասնել էր, թե ինչ պայմանների դեպքում Զելենսկին կարող է վերադառնալ Օվալաձև գրասենյակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:
Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:
ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։
Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։
