Զինվորական դատախազությունը 2024 թվականին պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները: Հայտնում են Դատախազությունից:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում:
Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78):
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):
2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։
2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեական գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ):
Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ):
Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:
