Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար պայքարող 4 թեկնածուներից 3-ը հաղթահարեցին շեմը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների նախօրեին մեկնարկած մրցույթում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը։

Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին Կառավարությունը կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար:

Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնի համար չորս թեկնածու էին պայքարում։ Թեկնածուներից միայն Կարեն Բատիկյանը չի հաղթահարել շեմը։ Բատիկյանը փաստաբան է: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է քննիչ ու դատախազ:

Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Նա այս պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մինչ այդ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եղել:

Արտաշես Մայիլյանը քննիչ է Հակակոռուպցիոն կոմիտեում, նա քննել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը:

Պետրոս Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմից է, ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը: Մինչ այդ դատախազ է աշխատել:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:

You may also like...