Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզում դիտարկել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքները
Աշխատանքային այցով մարտի 11-ին Շիրակի մարզում է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Դավիթ Խուդաթյանն այնուհետև նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել Ախուրյան համայնքում։
Պատասխատանուները սկզբում եղել են Կառնուտ բնակավայրում, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում երկու փուլով կառուցվել է նոր մանկապարտեզ։
Սուբվենցիոն ծրագրի արժեքը 273 մլն 478 հազար դրամ է կազմել, գումարի 70 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։
Ծրագրի իրականացման արդյունքում 50 երեխայի համար հնարավորություն է ստեղծվել հաճախել բոլոր հարմարություններն ունեցող մանկապարտեզ։

Դիտարկվել է նաև Ախուրյան բնակավայրի Հ․ Հովսեփյան փողոցը, որն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2024թվականին։ Կառավարության 45 տոկոս համամասնության փոխհատուցմամբ ծրագրի գումարը կազմել է 168 մլն 891 հազար դրամ։ Ասֆալտապատվել է 1.66 կմ (8834 քմ) երկարությամբ ճանապարհ։
Դավիթ Խուդաթյանն այնուհետև Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրիում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին ու դիտարկել ավարտված աշխատանքները։
Պատասխանատուները եղել են Ասլամազյան քույրերի պարկերասրահում, որի փայտե պատշգամբը վերականգնվել է սուբվենցիոն ծրագրով։
Ծրագրի արժեքը կազմել է 13 մլն 613 հազար դրամ, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։ Ծրագրի իրականացման արդյունքում վերականգնվել է պատկերասրահի 63․7 քմ մակերեսով պատշգամբը։


Այցելություն է եղել Գյումրու Հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 մլն 607 հազար դրամ։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի վերջին կանգառը Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցում է եղել։ Համալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլրդ 796 մլն դրամ է կազմում։

