ՏԿԵ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող հարցեր

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։ Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների(ՔՍԳ) հիմնական գործառույթները։

Կիրթսի Նարինենը, խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների կարևորության մասին, նշել է որ համագործակցության հիմնական թիրախը տարածաշրջանային զարգացումն է, ուստի ֆիննական կողմը ցանկանում է մի շարք ծրագրեր իրականացնել Երևանից դուրս՝ հատկապես Սյունիքի, Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում։ Ծրագրերը կուղղվեն կառավարման համակարգում և համայնքների ակտիվությանը կանանց ներգրավվածությանը, մեդիագրագիտության և ապատեղեկատվության դեմ պայքարին, կստեղծվեն 80 աղջիկների ֆուտբոլային թիմեր։

Հանդիպման երկրորդ հատվածում կողմերը խոսել են ջրային ռեսուրսների կառավարման և ջրային դիվանագիտության կարևորության մասին։ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ջրային ոլորտում Հայաստանի համագործակցային փորձը հարևան երկրների՝ Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ, ներկայումս իրականացվող ծրագրերը և հեռանկարները, ինչպես նաև ջրային ռեսուրսների հիմնական կառավարիչ Ջրային կոմիտեի գործառույթները։ Դեսպանը նշել է, որ նպատակ ունենալով ջրային համագործակցությունը և անվտանգությունը դարձնել խաղաղության գրավական՝ Երևան են ժամանել միջազգային ջրային անվտանգության 20 փորձագետներ, որոնք համատեղ ռազմավարության մշակումից հետո կհանդիպեն հայ գործընկերներին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկկողմ հարաբերությունները։

You may also like...