Գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է. ԱՍՀ նախարարը՝ ՄԱԿ-ում
Մարտի 10-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը և այս համատեքստում ընդգծել Պեկինի հռչակագրի ու Գործողությունների հարթակի դերը ազգային մեխանիզմների ամրապնդման և Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում:
«Հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է: Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տարբեր օրենսդրական մեխանիզմներ և քաղաքականության գործիքներ՝ ապահովելու գենդերային հեռանկարների համակարգված ինտեգրումը կառավարման և քաղաքականության մշակման մեջ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը։
Անդրադառնալով ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարարը շեշտել է Կանանց հարցերի խորհրդի, տարածաշրջանային մակարդակում գենդերային քաղաքականության իրականացման հանձնաժողովների, համայնքային մակարդակում կանանց և երիտասարդների խորհրդատվական մարմինների ու մի շարք այլ կառույցների գործունեության կարևորությունը։
Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկինի գործողությունների հարթակով նախատեսված աշխատանքներին՝ անհրաժեշտ քայլեր իրականացնելով գենդերային հավասարության ապահովման, կայուն զարգացման և ներառական կառավարման ուղղություններով:
