Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով
Միայն նրանք, ովքեր ուղեղով տկար են, չեն տեսնում ինչ է անում Ռուբեն Վարդանյանը, մնացած մարդիկ տեսնում են, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգվնելու է ու թանկ գին ենք վճարում բոլորս, բայց դա տեղի է ունենալու:
Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
Նա հավելեց, որ այսօրվանից կդադարեցնեն հացադուլը, բայց նաև թիմով քննարկել են անցնելու գործողությունների ավելի ակտիվ փուլ: «Մենք բավարար ջանքեր չենք գործադրել և դրա պատճառով է Ռուբեն Վարդանյանը հացադուլ սկսել այս ամենի հետևանքով, կարծես անտարբերության թմբիրի մեջ լինենք, հայ գերիներ են գտնվում Բաքվի բանտերում, իսկ մեր առօրյան չի փոխվում»,- նշեց նա:
Թանդիլյանի խոսքով՝ ակտիվ գործողությունների փուլ պետք է մտնեն, այնպես որ աշխարհն իմանա որ չեն ներելու, չեն լռելու, և բոլորը պետք է վերադառնան տուն:
«Դրա համար նախանշել ենք երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետն այն է, որ այնպես պետք է անենք, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Մենք միջազգային կառույցներից պետք է պահանջենք մասնակցություն բոլոր գերիների «դատավարական գործընթացներին»: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ուրբաթ ժամը մեկին հավաքվելու ենք և կպահանջենք Մակ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչից կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ, որ գնան ու այդ դատավարություններին մասնակցեն, մենք պետք է ստանանք պատասխաններ:
Միջազգային կառույցները պետք է հասկանան՝ մենք լինելու ենք հետևողական, մենք ՀՀ իշխանությունը չե՛նք: Եկեք միասին մի բռունցք դառնանք, հա՛յ ժողովուրդ, պետք է ոտքի կանգնենք ու ասենք՝ մեր գերիները պետք է վերադառնան տուն»,- շեշտեց նա:
Թանդիլյանը նշեց, որ առաջին օրակարգով Ռուբեն Վարդանյանի հարցն է, որովհետև նա հացադուլի մեջ է, երկրորդը՝ բոլոր 23 մեր գերիների վերադարձն է: «Մենք դիմում ենք տարբեր կառույցների, ասում են՝ ձեր իշխանություններն ինչ-որ բան պետք է անեն, որ մենք աջակցենք: Իշխանություններն էլ ասում են՝ մենք կառուցողական երկխոսության մեջ ենք, այս օրակարգը խաթարում է կառուցողական հարաբերությունը:
Խաղաղությունը թղթի վրա չի լինում, եթե դու քո հայորդուն ունես Բաքվում, ի՞նչ խաղաղություն: Երկխոսե՛ք, քավ լիցի, խաղաղություն բերեք բայց ունեցեք ձեր օրակարգում հայ գերիների վերադարձի հարց: Իշխանությունները կզբաղվեն սրանով, երբ հասկանան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը և դա իրենց իշխանական աթոռ է արժենալու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օր է, հացադուլի մեջ է: Նա պահանջում է արդար դատավարություն, դժգոհ է, որ իր գործն առանձնացվել է մյուս գերիների, պատանդների և այլ պահվող անձանց գործերից: Վարդանյանը նաև պահանջում է բաց դատավարություն:
