Գերագույն հոգեվոր խորհուրդը Ռուբեն Վարդանյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։
«Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում», — ասված է հայտարարությանում։
Գերագույն հոգևոր խորհուրդը Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հորդորել է դադարեցնել հացադուլը։
ԳՀԽ-ն արձանագրել է, որ «Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներն են»։
«Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության և պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաև զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ», — հայտարարությունում նշել է ԳՀԽ-ը՝ ընդգծելով, որ «շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։
Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորել է Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու և գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ ԳՀԽ-ն Հայաստանի իշխանություններին հորդորել է նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։
