Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։

«Երբ գործիքը ստեղծվում է, մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան՝ դա իրենց համար է, և մենք անընդհատ այստեղ այդ խնդիրն ենք ունենում։
Երբ մենք բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումները մի պարզ պատճառով՝ ստացվում է, որ միտումներ կան, որ այդ բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ այս պահին փոքր և կարճաժամկետ օգուտ ստանալու համար:

Երբ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում՝ իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում, խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է՝ երբ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջին գործը չլինի, որ այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք՝ ասֆալտը քանդելով:

Կամ երբ ասենք միկրոձեռնակարկատիրության համակարգ է ներդրվում, առաջին միտքը չլինի՝ էս ինչ լավ բան է, ընկերությունը կիսենք յոթ մասի, գնանք յոթ հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն ունենանք»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ սա իրականում խորը ֆունդամենտալ, սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է, և որ այդտեղ էլ իր եզրակացությունը միանշանակ է՝ քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես մի օտար մարմնի.

«Գնալով ավելի եմ համոզվում, որ պետական ռելիկտային մտածողությունը, որ ոնց որ ժամանակին կայսրությունների ընկալումն է եղել, մեր պետությանն էլ ենք այդպես վերաբերում»:

You may also like...