Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք կբերվի. Կառավարությունը գումար է հատկացրել
Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4.300.000 եվրոյին համարժեք դրամ՝ Բրյուսել քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը նախնական բանակցություններ է սկսել Բրյուսելի Գործարարների Միության ներկայացուցիչների հետ՝ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շենքը, որպես դեսպանության նոր շենք ձեռքբերելու նպատակով:
Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շինության ձեռքբերումը նպատակահարմար է՝ շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որի անմիջական հարևանությամբ գտնվում են մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ, ԵՄ կառույցներ, ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի՝ շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ հաշվի առնելով ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնումն ու Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը:
Շինությունը կառուցվել է 1866-1870 թվականներին, նախկինում ծառայել է որպես Բրյուսելի Գործարարների Միության շենք և ֆունկցիոնալ առումով հիմնականում համապատասխանում է դեսպանության գործունեության համար անհրաժեշտ չափանիշներին։ Այն չափերով էապես գերազանցում է ներկայիս շինությանը, բաղկացած է 4 հարկից և նկուղային տարածքից, որը կարող է ապահովել 20 և ավելի աշխատակիցների համար բավարար գրասենյակային պայմաններ, ինչպես նաև մինչև 21 ավտոմեքենայի կայանատեղի:
Շինությունն ունի հանդիպումների սենյակներ, փոքր ու միջին ընդունելությունների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ և հարմարություններ, որի օգտագործման պարագայում դեսպանությունը հնարավորություն կունենա կազմակերպել հանդիպումներ և իրականացնել տարբեր միջոցառումներ՝ զերծ մնալով տարբեր տարածքների բավական թանկ վարձակալման անհրաժեշտությունից: Հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ շինության ձեռքբերումը պետության համար կարող է հանդիսանալ նաև շահավետ և երկարաժամկետ ներդրում (վերջին 20 տարիների ընթացքում անշարժ գույքի գները աճել են գրեթե 3 անգամ):
