Անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել, որպեսզի Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղությունը չերեվա. վարչապետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ու Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը միշտ իրենց ունեցած խոսակցություններում խոսում են Կովկասի տարածաշրջանի մասին: Դուք, կարծում եմ, Թրամփի հետ էլ եք տեսակցել, արդյոք ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է այս խաղաղության գործընթացում ինչ-որ դեր ունենալ։
Որովհետև եթե ուրիշ տեսանկյունից, դիտանկյունից ենք նայում, Թրամփի ներկայության պայմաններում, ըստ որոշ մեկնաբանությունների, շատ երկրներ կարող են նախընտրել այսպես ասած անկանոն աշխարհը։ Կամ ասենք տարածաշրջանային որոշ զարգացումները, հակամարտությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը, հնարավոր զինադադարը և այլն, տարբեր կերպ են մեկնաբանվում։
Հետևաբար Ձեր մատնանշած այդ հնարավորության, պատուհանի հետ կապված, Ձեր կարծիքով՝ կան այնպիսի գործոններ աշխարհում և տարածաշրջանում, այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ այդ հնարավորության, պատուհանի համար։
Պատասխանելով T24-ի ներկայացուցիչ Բարչըն Յինանչի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Ես այդ ձևակերպման հետ ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Ես կասեմ, որ պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։ Որո՞նք են այդ հենասյուները, մեկը ես արդեն նշեցի։
Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա այն է, ինչ հորիզոնում պետք է երևա։
Ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերարձանագրվել է այս իրողությունը, արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ և փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։
Սա շատ հստակ երևում է հորիզոնում, բայց հիմա Դուք կհարցնեք, իսկ ո՞րն է ծխածածկույթը։ Ծխածածկույթն «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, որովհետև երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։
Ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայնդեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն չորս տարի բանակցում ենք խաղաղության պրոցեսի վերաբերյալ և ունենք արդյունքներ:
Արդեն իսկ ասել եմ, մենք դա չենք արձանագրում, անընդհատ կենտրոնացած ենք խաղաղության համաձայնագրի վրա, որն իհարկե կարևոր անկյունաքարային բան է, բայց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ և վավերացրել են երկու երկրներում, դա արդեն իսկ կայացած փաստ է և կայացած իրողություն: Ավելին, մենք սահմանազատված սահմանային հատվածներ ունենք:
Եվ այստեղ է խնդիրը՝ այս կետից ինչ ճանապարհով ենք գնում: Ես, եթե ուշադիր էիք, ասացի, որ եթե հետևողական լինենք մենք մեր ջանքերում՝ արդեն իսկ այդ ճանապարհը, այդ նախագիծը սեղանին է, մնում է այդ նախագծից չհրաժարվել։ Մեզ ըստ էության շատ նոր բան կառուցել այս փուլում պետք չէ, անհրաժեշտ է ընդամենը այն, ինչ արձանագրված է, դա չոչնչացնել։ Սրա մասին է խոսքը։
Այո, մենք հասկանում ենք նաև զգայունությունները և առանձնահատկությունները, որոնք կան Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Դա հնարավոր չէ ժխտել, բայց մյուս կողմից արդեն ասացի, որ մենք ունենք պրոցեսներ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Եվ ես նոր մտածեցի, որ այն առաջին յոթ րոպեում, երբ նշում էի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձությունները, ես բաներ բաց թողեցի, որ կարող էի լրացնել՝ հասնել 10, 11, 12, 15 րոպեի։
Ընդհուպ, որ հիմա արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին։ Ավերիչ երկրաշարժից հետո Արտաքին գործերի նախարարի այց տեղի ունեցավ Թուրքիայի աղետի գոտի, մենք հումանիտար աջակցություն ուղարկեցինք, լավ է, որ հումանիտար աջակցություն ուղարկեցինք, վատ է, որ նման ողբերգական իրադարձությունների հանգամանքով և բերումով։
