Ղազախստանի եվ Ղրղզստանի հետ առեվտուրը նվազել է ավտոմեքենաների պատճառով. Պապոյան

Ղազախստանի և Ղրղզստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության նվազումը պայմանավորված է ոչ թե հայկական ապրանքների արտահանման, այլ ավտոմեքենաների վերավաճառքի կրճատմամբ։
Այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` ներկայացնելով ԵԱՏՄ շրջանակում համագործակցության մասին տարեկան հաշվետվությունը։
Պապոյանը նշեց, որ 2024 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրասիական միության հետ ընդհանուր առմամբ աճել է ավելի քան 1,5 անգամ՝ 8,25 մլրդ դոլարից հասնելով 12,7 մլրդ դոլարի։
Ռուսաստանի հետ առևտուրն աճել է 56,5 %-ով՝ 7,92 մլրդ դոլարից հասնելով 12,4 մլրդ դոլարի, Բելառուսի հետ՝ 9,1 %-ով՝ 188 մլն դոլարից հասնելով 206 մլն դոլարի։
Միևնույն ժամանակ կրճատվել է Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտուրը. Ղազախստանի դեպքում 110 մլն դոլարից դարձել է մինչև 84 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ առևտուրը 29 մլն դոլարից իջել է մինչև 15 մլն դոլար։
Նախարարը պարզաբանեց, որ նվազումը պայմանավորված է ամերիկյան և ճապոնական աճուրդներից հայ դիլերների գնած և այդ երկրներ արտահանած ավտոմեքենաների վերավաճառքի նվազմամբ:
Միաժամանակ հայկական արտադրության ապրանքների մատակարարումները շարունակում են կայուն մնալ։
Հայաստանը հիմնականում կոնյակ, դեղորայք և ոսկերչական իրեր է արտահանում Ղազախստան, Ղրղզստան՝ կենդանիների կեր, դեղորայք և սարքավորումներ (կոնյակի արտահանումը նվազել է)։
Ղազախստանից Հայաստան զգալիորեն ավելացել է ծխախոտի ներկրումը։ Ղրղզստանից ամենաշատը ներկրվում է չորացրած լոբի։

You may also like...