Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը

Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են որոշ սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին։

Այս մասին հայտնել է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։

Ծառայության համաձայն՝ YouTube-ը, TikTok-ը, X -ը և Instagram-ը Թուրքիայում չեն գործում։ Պաշտոնապես թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Ստամբուլում իրավապահները լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու օրդեր Է տրվել։

«Ստամբուլի մայրաքաղաքի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն գործողություն է սկսվել։ Գործողության շրջանակում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մամուլի հետ կապերի գծով նրա խորհրդական Մուրադ Օնգունի ձերբակալության օրդեր է տրվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի մարտից և համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցներից։

Այս շաբաթ Ստամբուլի համալսարանը գլխավոր դատախազության դիմումից հետո հետ է կանչել նրա դիպլոմը, ինչը թույլ չի տա Իմամօղլուին առաջադրվել նախագահի պաշտոնում։

Ստամբուլի քաղաքապետը միակ թեկնածուն էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից և համարվում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը:

You may also like...