Կարծում եմ՝ քաղաքական որոշում է․ Աղազարյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը քաղաքական որոշում է։ Ըստ նրա՝ ԱԺ իշխող մեծամասնությունը համաձայնություն կտա միջնորդությանը։««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդամենը մի քանի հոգի է, որ իրավաբաններ են և կարող են այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսներն այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն, հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանն ու իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աղազարյանը։
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրեն մանդատից զրկել, իսկ դա անելու համար ինքը հեշտ ճանապարհ է առաջարկում։ Ասում է՝ պետք է, որ Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվի, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար բոլորը, այդ թվում՝ ինքը, զրկվում են մանդատներից։
