Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո արգելվել են ցույցերը

Ստամբուլի նահանգային վարչությունը որոշում է ընդունել մինչև մարտի 23-ը արգելել ցանկացած ցույց և հանրահավաք, ինչպես նաև արգելափակել է Ստամբուլի մետրոյի մի քանի կենտրոնական կայարան ու մայրուղի։

Որոշումը կայացվել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին:

Նահանգի իշխանությունները սոցցանցերում հանրությանը տեղեկացրել են, որ «առաջիկա չորս օրվա ընթացքում՝ մինչև մարտի 23-ը, արգելված է ցանկացած զանգվածային միջոցառում ամբողջ նահանգում»:

Նշված է նաև, որ չորեքշաբթի կդադարեցվի երթևեկությունը Ստամբուլի կենտրոնում մեկ տասնյակից ավելի գլխավոր ճանապարհներով: Բացի այդ, մետրոյի մի քանի կայարան ժամանակավորապես փակ կլինի մուտքի և ելքի համար, այդ թվում՝ Թաքսիմ կայարանը, որը դուրս է գալիս համանուն հրապարակ, և Իսթիքլալ պողոտա, որտեղ ավանդաբար անցկացվում են երթեր ու հանրահավաքներ։

Հիշեցնենք՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), բերման է ենթարկվել և ոստիկանության ուղեկցությամբ դատարան ներկայացվել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իմամօղլուի նկատմամբ հետաքննության շրջանակներում 100 հոգու ձերբակալության օրդեր է տրվել, այդ թվում՝ քաղաքապետի մամուլի խորհրդական Մուրադ Օնգունին։ Խուզարկություններ են իրականացվել Սարիյեր թաղամասում գտնվող Իմամօղլուի նստավայրում։

You may also like...