Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ» էր»:

Այս մասին ռուս գործընկերոջ հետ զրույցն ավարտելուց հետո Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Զրույցի ընթացքում «քննարկվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր», և այժմ, ըստ Թրամփի, «այս գործընթացը եռում է»:

«Մենք հույս ունենք, որ հանուն մարդկության մենք այն մինչև վերջ կտեսնենք»,- գրել է նա:

Մասնավորապես, երկրների ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել հարձակումները էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հակամարտության ընթացքում, նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ կողմերը հասկանում են, որ պատրաստվում են հասնել «լիակատար հրադադարի» և «դադարեցնել հակամարտությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ առաջնորդները նաև համաձայնել են տեխնիկական բանակցություններ սկսել Սև ծովում հրադադարի, համապարփակ զինադադարի և մշտական խաղաղության հաստատման համար:

Այս բանակցությունները անմիջապես կսկսվեն Մերձավոր Արևելքում, հայտնել են Սպիտակ տանը։

Կրեմլն իր հերթին նշել է, որ Պուտինն արդեն հրաման է տվել զինվորականներին այն բանից հետո, երբ «Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ համաձայնել են» չհարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին, հաղորդում է Կրեմլը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արձագանքել այն խոսքերին, թե Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մենյուում» է։ Նա պատասխանել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քլարկին, որը Sky News-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի՝ բանակցությունների սեղանից բացակայելու մասին։

«Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում լինենք՝ չնայած նրա ախորժակներին»,- ասել է նա:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ, ի պատասխան, Ուկրաինայի հարցով բանակցությունները համեմատել է «ընթրիքի սեղանի» հետ, ըստ նրա՝ հիմնական ուտեստը եղել է «Կիևյան կոտլետ»-ը:

You may also like...