Ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Թուրքիայի նախագահի վարչակազմ
Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում Մարգարա սահմանային անցակետի բացման և այնտեղով Սիրիա մարդասիրական բեռի ուղարկման մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացվել են Սիրիա մարդասիրական օգնություն Հայաստանից ուղարկելու մասին։
«2025 թվականի փետրվարի 24-ին Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովին դեսպան Սերդար Քըլըչը ուղղակիորեն տեղեկացրել է մեր երկրի տարածքով Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու Հայաստանի ցանկության մասին, 2025 թվականի փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես տեղեկացվել է այդ մասին մեր երկիր կատարած այցի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, ընդգծվում է, որ այդ սահմանային անցակետը վերջին անգամ օգտագործվել է 2023 թվականին Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն առաքելու համար, որն ուղարկվել էր փետրվարի 6-ի երկրաշարժից հետո։
Նշվում է նաև, որ սահմանային անցակետն օգտագործվել է հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպման, ինչպես նաև սահմանային հանձնաժողովների նիստերի շրջանակներում հետիոտնային անցումների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարները մարտի 21-ի առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։
