ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան
Ազգային ժողովում քննարկում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ ՀՀ ժողովուրդը հակված է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին»։
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունը ներկայացրել է առաջարկություն, որն աշխատանքային կարգով քննարկվել է ԱԺ-ում՝ Կառավարության հետ նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ, և ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակը:
Զեյնալյանն այնուհետև ներկայացրեց օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ օրենքը Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին․ «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում եմ Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում քննարկման ընթացքում հնչեցվել է հարց, որի պատասխանը հարկ եմ համարում հնչեցնել նաև ԱԺ ամբիոնից, այն է՝ եղե՞լ են արդյոք արձագանքներ առաջինից երկրորդ ընթերցման փուլի միջակայքում Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի օրենքի ընդունման վերաբերյալ: Դրա անհրաժեշտության կամ ողջունող հայտարարություններ եղե՞լ են արդյոք, թե՞ ոչ: Պաշտոնական հայտարարությունների մասին է խոսքը»։
Հարակից զեկուցող, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրեց՝ Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, հայտնեց՝ Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում հանել են նախաբանի մի մասը:
Նա հայտնեց՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:
