Նոր Սահմանադրությունն առնչություն չունի խաղաղության համաձայնագրի բովանդակության հետ․ Խանդանյան
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, որով նա կոչ էր արել Հայաստանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ հղում կատարելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը։
«Խաղաղության համաձայնագրի շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի ստորագրման տեղ և ժամ ու համաձայնեցնի մեզ հետ։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության պահանջին կամ այն որպես նախապայման դիտարկելուն, դա լեգիտիմ չէ։ Հայաստանը բազմիցս ասել է՝ իր Սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ։ Բայց, եթե նույնիսկ լիներ էլ, խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջությամբ լուծում է այդ հարցը»։
Նա շեշտեց, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին իրավական և քաղաքական գործընթացն է․ «Մեր քաղաքական ուժը գտնում է, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն ընդունել, բայց այդ նոր Սահմանադրությունն առնչություն չունի խաղաղության համաձայնագրի բովանդակության հետ»։
Հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է Սահմանադրության փոփոխության գործընթացն արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով, Խանդանյանը պատասխանեց.
«Ոչ, նման հարց չի քննարկվում։ Ինչպես ասել ենք, նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ։ Քանի որ օրենքը սահմանադրական հանրաքվե անցկացնելու հնարավորություն չի տալիս ընտրությունների հետ միասին, հավանաբար այն կանցկացվի խորհրդարանական ընտրություններից հետո»։
