Մինչև 300 հազար դրամի հեծանիվ գնած ուսանողի և դասախոսի վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորի պետությունը
Շուրջ 5000 հոգու շրջանում հարցում է անցկացվել, և պարզվել է, որ բուհերի ուսանողների, դասախոսների, գիտահետազոտական ինտիտուտների աշխատակիցների շուրջ 0,3 տոկոսն է, որ հեծանիվ է օգտագործում իր ուսհաստատություն կամ աշխատավայր հասնելու համար:
Այդ մասին Կառավարության՝ մարտի 27-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանմանն ուղղված որոշման նախագիծը:
Նախարարի խոսքով, նախատեսում են, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300 հազար դրամ, որը, մեր վերլուծությունների համաձայն, միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար մինչև 36 ամիս ժամկետով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս որոշմամբ այն ուսանողներին և դասախոսներին, որոնք պատրաստ են դիտարկել հեծանվով դասի գնալը կամ հեծանիվը որպես տրանսպորտային միջոց օգտագործելը, Կառավարությունը պատրաստ է աջակցել՝ այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով: Վարկի տարեկան դրույքաչափը 16 տոկոս է, և Կառավարությունը կսուբսիդավորի ու կզրոյացնի այն:
