Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. ԿԸՀ-ի պարզաբանումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում ի պատասխան «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի դիմումի՝ պաշտոնապես պարզաբանում է տվել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ։
Հանձնաժողովն իր պարզաբանման մեջ հիշեցրել է, որ օրենսդիրն ընտրողի կողմից քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու կամ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ եզրահանգումն արել է յուրաքանչյուր դեպքում կոնկրետ հանգամանքներին գնահատական տալով։
Հետևապես, որևէ հանգամանք ինքնին (այդ թվում՝ հայերենին չտիրապետելը) չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով՝ ընտրողին քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ճանաչելու կամ ընտրողին որպես քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող որակելու համար:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հարցը զեկուցելիս հավելեց, որ մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային կենտրոններում փակցված կլինեն պաստառներ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներն օտար լեզուներով (ռուսերենով և անգլերենով): Հետևաբար հայերենին չտիրապետող ընտրողները կկարողանան օգտվել այդ պաստառներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
