Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային:

Նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը:

Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:

Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների համար ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերի շարունակականությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը և հաստատակամորեն շարժվում է այդ ուղիով:

Այս համատեքստում դեսպան Նարիման Ալ-Մուլլան վերահաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից:

You may also like...