Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։
Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ծրագրեր և մշակութային նախագծեր՝ տարբեր ձևաչափերով: Նախարարի տեղակալի խոսքով՝ նպատակը մշակութային կրթության խրախուսումն է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրը նպաստում է սովորողների համար կրթական գործընթացն ավելի հետաքրքիր դարձնելուն՝ նպաստելով մշակույթի միջոցով գիտելիքների վերարժևորմանը։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում նախատեսվող «Վերջին դաս» միջոցառմանը․ ակնկալվում է, որ ավանդական վերջին զանգի միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն մշակութային բովանդակությամբ:
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում։ Երևանում և մարզերում արդեն ձևավորված համապատասխան հանձնաժողովները, ուսումնասիրելով ներկայացված հայտերը, կընտրեն լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցներին, որոնք էլ կպարգևատրվեն: Մրցույթին դպրոցի մասնակցությունը կամավորության սկզբունքով է:
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել՝ հանրակրթության պետական նոր չափորոշչով անցում է արվում կարողունակությունների ձևավորմանը միտված կրթության, որտեղ կարևոր են թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեքներն ու դիրքորոշումները:
«Մշակույթն ու արվեստն այդ կարողություններում կարմիր թելով անցնում են ողջ ուսումնառության ընթացքում: ԿԶՆԱԿ-ն ակտիվ տարածում է դպրոցներում կուտակված դրական փորձը, իսկ այս աշխատաժողովը ևս մեկ հարթակ է այդ փորձի տարածման համար»,- ասել է Արտաշես Թորոսյանը:
