Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է.

«Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր է, որ այս ծառայությունները հասանելի լինեն նաև մարզերում:

Ուրախ ենք, որ այն արդեն կայացած փաստ է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչների համար, հաջորդը պետք է լինի Սյունիքը»:

36.jpg (198 KB)

Նշելով, որ կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է, նախարարն ընդգծել է , որ պետք է կենտրոնացնենք բոլոր ջանքերը այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար:

Գիտաժողովին Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի աշխատանքներն է ամփոփել և կառուցվածքային ու աշխատանքային մոդելը ներկայացրել բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը:

Գյումրու Կաթվածի և նյարդաբանության կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին ու սպասարկում է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչներին:

35.jpg (181 KB)

Այստեղ երեք տարի առաջ ներդրվել է Կաթվածի ազգային ծրագիրը, որի շրջանակներում սուր իշեմիկ կաթվածի դեպքում պետական պատվերով տրամադրվում է թրոմբոլիտիկ թերապիա և մեխանիկական թրոմբէկտոմիա կյանք փրկող թանկարժեք ծառայությունները:

2022 թվականից ի վեր այս բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 2030 պացիենտ, նրանցից 1710-ը` կաթված ախտորոշմամբ: 250 պացիենտի մատուցվել է թրոմբոլիտիկ թերապիա կամ մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունը:

Գյումրիում, Կաթվածի ազգային ծրագրի ներդմամբ, հիմք է դրվել նաև Գյումրի և Վանաձոր բժշկական կենտրոնների միջև հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկին: Սա լավ նախադեպ է մարզային բժշկական կենտրոնների համար:

You may also like...