Մատենադարանը կշարունակի ընդլայնել գործնական դերակատարությունը միջազգային գրավոր ժառանգության պահպանման գործում
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ժնևում հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազի և Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանի հետ:
Տնօրենը շեշտել է, որ վերականգնման ոլորտի համակողմանի բարեփոխումները նպատակ ունեն Մատենադարանը դարձնելու միջազգային ձեռագրական ժառանգության վերականգնման գործընթացը համակարգող կառույց:
ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր եղանակներով աջակցել գաղափարի իրականացմանը և համագործակցությունը սկսել Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուի վերականգնման և ուսումնասիրման լաբորատորիա ստեղծելու ծրագրից:
Գործնական հաջորդ հանդիպումները տեղի կունենան ապրիլին, այնուհետև աշնանը՝ Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում:
Հանդիպումը նախաձեռնել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
