Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Գյումրիում և Փարաքարում ընթացող ՏԻՄ արտահերթ ընտրություններին առնչվող մամուլում առկա տեղեկությունների և մի քանի հրապարակման մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել:
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ մարզպետարանի աշխատակից ներակայացած անհայտ կինը Գյումրիում իր հետ ընտրական տեղամաս է բերել մի խումբ անձանց: Նմանատիպ այլ հրապարակման բովանդակության մեջ նշվում է, թե մեքենաներով մարդիկ են բերվել Փարաքարի ընտրական տեղամասերից մեկը:
Դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել ևս մեկ հրապարակում՝ համաձայն որի, մայրը քվեարկել է անգործունակ ճանաչված որդու փոխարեն:
Հնչեղություն ստացած ևս մեկ դեպք Գյումրիում, երբ քաղաքացին պատռել, շպրտել էր ծրարը, ստացել նույնականացման կտրոնն ու այն իր հետ տանելով դիմել փախուստի, ևս դատախազությունը վերցրել է ուսումնասիրության:
Հրապարակումներից հաջորդն այն մասին է, որ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ընտրողները ցանկացած գնով 8 թվի քվեաթերթիկը դուրս են բերել ընտրատեղամասից, ևս մեկ հրապարակում էլ «Ձյունիկ» մանկապարտեզի դիմաց ընտրողներին ուղղորդելու ահազանգի մասին է:
