Աթենքում կայացել է Լեռնային Ղարաբաղի հայկական վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում
Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության սրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախաձեռնությամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգությանը:
Հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախագահ Անդոնիս Պավլիդիսը և Հայաստանից հրավիրված հատուկ հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական Համալսարանի դասախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը։
Միջոցառումը համակարգել է Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Լոնիդաս Խրիզանթոպուլոսը։
Վտանգված հուշարձանների շարքում դեսպանը նշել է Ամարասի վանքը, Վանքասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Դադիվանքն ու Գանձասարը, Ծիծեռնավանքը, Կատարոյի վանքը, հազարավոր խաչքարեր, գերեզմանաքարեր և բազմաթիվ այլ վայրեր: Նա նշել է, որ «այս հուշարձանները միայն անցյալի մնացորդներ չեն, այլ կենդանի վկայություններ են տարածաշրջանում հայկական քաղաքակրթության մասին»:
Անդոնիս Պավլիդիսը իր ելույթում նշել է. «Եկեղեցական և մշակութային հուշարձանները յուրաքանչյուր ժողովրդի պատմության անկյունաքարերն են, և դրանց գոյությունն անուրանալի վկայություն է ժողովուրդների անցյալի մասին: Եթե դրանք կործանվեն, այդ պատմությունը կխեղաթյուրվի»։ Նա դատապարտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ մուտքը արհեստականորեն խոչընդոտելու Բաքվի քաղաքականությունը։
Նշվում է, որ միջոցառման հիմնական բանախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է զեկույց՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման և արցախահայերի մշակութային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Զեկույցում ներկայացվել են ԼՂ պատմական հայկական ինքնության մշակութային հիմնավորումները՝ ընդգծելով դրա մշակութային ժառանգության առանձնահատկությունները, համամարդկային բնույթը և դրա պաշտպանության մեխանիզմները։ Զեկույցն ընդգծում էր Ադրբեջանի կողմից արցախահայության մշակութային ժառանգության ոչնչացման մեխանիզմները` ընդգծելով պատմական հայկական եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանների, ամբողջական գյուղերի ու քաղաքների, ինչպես նաև ժամանակակից հուշարձանների ոչնչացումները։
Զեկույցը ներկայացրել է նաև հայկական հոգևոր ժառանգության յուրացման Ադրբեջանի քաղաքականությունը, որով կեղծվում է հայկական ինքնությունը և հայկական ժառանգությունը վերագրվում այլ էթնիկ հանրույթներին։
Զեկույցն ընդգրկել է փաստեր ԼՂ մշակութային լանդշաֆտի խեղաթյուրման և պատմական հետքի ոչնչացման վերաբերյալ։ Տիգրանյանն իր զեկույցում ընդգծել է բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը` դեպի հուշարձանների տարածքներ մուտքի իրավունքի երաշխավորման, ժառանգությունը կենսունակ և ճշմարտացի գիտելիքով սերունդներին փոխանցելու կարևորությունը։
