Մարտուն Գրիգորյանը դեռ չի արձագանքել Վարդան Ղուկասյանին
«Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը դեռ չի արձագանքել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Գրիգորյանին՝ իրեն աջակցելու հարցում նրանից հստակություն ակնկալելով:
«Որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին», — գրել էր Ղուկասյանը:
Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցած Ղուկասյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Մարտուն Գրիգորյանից դեռ տեղեկություն չունի, սպասում է:
Իսկ վերջինս առայժմ լուռ է, նրա շտաբն այսօր էլ երեկվա նման փակ էր: Նախնական արդյունքներով վճռորոշ վեց մանդատ ունեցող «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը նաև հեռախոսազանգերին չի պատասխանում:
Հետընտրական ողջ օրվա լռությունը երեկ նա խախտեց ֆեյսբուքյան միայն մեկ կարճ գրառմամբ, թե «ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ դա հաստատ է»: Բայց թե ինչ սցենարով է պատրասվում իր այս հայտարարությունն իրականություն դարձնել, չբացատրեց:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանն այսօր պատրաստվում է հայտարարություն անել։ Այդ մասին ակնարկ կա նաև նրա թիմակիցներից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի գրառման մեջ։
Այն, որ Գրիգորյանն ի վերջո սատարելու է Ղուկասյանին, ակնարկել է նաև վարչապետի գյումրեցի խոսնակ, «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի օգտին ակտիվորեն քարոզած Նազելի Բաղադասարյանը. «Ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր նվիրվելու են մեզնից կրկնակի նվազ ձայներ հավաքած Կոմկուսի ներկայացուցչին»:
